ՆԱԽԱԲԱՆ
Հարգելի երիտասարդ ընթերցող, գիտե՞ք, որ սուրհանդակ (messenger) բառի մասին իմ պատկերացումը խիստ տարբերվում է Ձեր ընկալումներից։ Առաջներում սուրհանդակները (մարդիկ) մեկ լուր, կամ մեկ նախադասություն փոխանցելու համար ոտքով գյուղից-գյուղ, քաղաքից-քաղաք ու երկրե-երկիր են գնացել։ Իսկ հետո մարդկանց օգնության են եկել աղավնիները, բազեները, շները, ձիերը, ուղտերն ու նույնիսկ փղերը ․․․
Ավելի ուշ մարդու ստեղծագործ մտքի շնորհիվ ստեղծվել են նաև ավտոմեքենաները, նավերը, գնացքներն ու ինքնաթիռները։ Իսկ հետագայում նամակներին ու հեռագրերին փոխարինել են՝ էլեկտրոնային նամակները, SMS հաղորդագրությունները, չաթերը և վերջապես սոցիալական հարթակներն ու մեսենջերները (messengers), որոնց Դուք հիմա սուրհանդակ եք անվանում ․․․
Ես ինքս, ականատեսն եմ եղել, թե ինչպես է սոցիալական ցանցի սուրհանդակ-messenger-ը, որտեղ մենք ուսուցիչներով ու շրջանավարտներով մի խումբ ստեղծել և 40-50 տարի անց «հանդիպել»` հաղթահարել ժամանակի ու տարածության արգելքներն ու մեր միջև վերականգնել անհուսորեն կորսված կապը։
Փոխանակել ենք մտքեր, հիշել դպրոցական կյանքի ու առօրյայի մասին պատմություններ, զրուցել, կատակել, սիրել, հավատացել ու ապրել ․․․
Հենց հիմա, որևէ պատմություն կարդալիս՝ համոզված եմ, որ ինձ նման շատերը, հրճվանքից, զարմանքից, բավարարվածությունից անսահման ոգևորված՝ կրկին, կրկին ու կրկին նորանոր պատմություններ են ակնկալում հեղինակից։
Հենց այս պահին դու միգուցե դեռ անկողնում սուրճ ես խմում, կամ զբոսնում այգում, իսկ միգուցե հարմարավետ տեղավորվել ես քո սիրելի բազկաթոռի մեջ կամ քո այգու ճոճաթոռին ու կարդում ես հերթական պատմությունը ․․․
Ես քեզ կասեմ, որ սա իրական հրաշք է, որ կա ... Այսքան տարիներ անց դասընկերներով և ուսուցիչներով կարդում ենք հեղինակի ստեղծած անմիջական, ջերմ, հումորով լի իրական պատմություններն ու հիշում դպրոցական կյանքի մանրամասներն ու դիպվածները։
Անշուշտ ամենը հետաքրքիր է շարադրաված․ ժամանակի ոգով, մեկ շնչով, տաք մթնոլորտով, կարոտը հագեցնելու ցանկությամբ, սիրո «ռումբը» պայթեցնելու ձգտումով, անսպառ հիշողությունների բազմազանությամբ ․․․
Բարի ընթերցում ...
Հարգանքով՝ Թամարա Ջահանգիրյան
Ուսուցչուհի, Մանկավարժ, Լեզվաբան